Vous êtes sur la page 1sur 3

Դավիթ Գյուրջինյան

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայկական


դպրոցի դասագրքերի «մրցույթ» հորջորջված միջոցառումը,
այլընտրանքային դասագրքերի մերժումը, սեպտեմբերին
փորձաքննություն չանցած դասագրքերի մուտքը հանրակրթական
դպրոց, վատ դասագրքերի միջոցով հայ դպրոցի վարկաբեկումը
ծրագրված քայլեր են օտարալեզու դպրոցների վերաբացման
ճանապարհին: Պատճառաբանությունը` հայերս չենք կարողանում
լավ դասագրքեր ստեղծել, հայերենի դասագրքերը պիտանի չեն
գործածության համար և այլն:

Ներկայացնում եմ իմ այն բաց նամակը, որ օրերս տպագրվել է


մամուլում:

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին

2011թ. մայիսի 2-ին ամփոփվեց ՀՀ կրթության եւ գիտության


նախարարության «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի»
հայտարարած հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթը։
Իբրեւ հեղինակ՝ մասնակցել եմ այդ մրցույթին եւ տարբեր
հրատարակչությունների կողմից ներկայացրել դասագրքերի երկու
խմբաքանակներ։ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մրցույթին
ներկայացրել էր իմ եւ երկու գործընկերներիս գրած «Մայրենի 5» եւ
«Մայրենի 6» դասագրքերը։ Այստեղ մրցակից չունեինք եւ բարձր
միավորով (38-ից 36.5) հաղթել ենք։ Ի դեպ, մրցույթը խաղաղ է անցել
բոլոր այն դեպքերում, երբ մրցակցություն չի եղել։
«Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից հայոց լեզվի դասագրքերի
մրցույթին ներկայացվել էին տողերիս հեղինակի եւ Ն. Հեքեքյանի
հեղինակած դասագրքերը հիմնական դպրոցի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ
դասարանների համար (ուսուցչի ձեռնարկով հանդերձ)։
Այս դասարանների դասագրքերի մրցույթին մասնակցում էին եւս
երկու հրատարակչություններ` իրենց հեղինակային խմբերով։
Ենթադրվում էր լուրջ, արդար եւ թափանցիկ մրցույթ։
Մրցույթը կազմակերպման առաջին իսկ փուլից բազմաթիվ հարցեր,
մտահոգություններ է առաջացրել, սակայն դրա ամփոփումը ցնցող
էր թե հրատարակիչների եւ թե հեղինակների համար։
Բոլոր այն խմբաքանակներում, որտեղ մեկից ավելի մասնակից կար,
այսինքն` ենթադրվում էր իրական մրցակցություն,
կազմակերպիչներն իրականացրել են հետեւյալ մոտեցումը` թույլ
չտալ, որ մրցույթի երկրորդ փուլ անցնի մեկից ավելի դասագիրք
(միայն երկու բացառություն կա)։ Այս պարագայում
կազմակերպիչների հաշվարկները կարող էին խառնվել, քանի որ
խմբաքանակների գները գաղտնի էին։
Մրցույթի ամփոփման ժամանակ պարզվում է, որ հաղթող
դասագրքերը, օրինակ` հայոց լեզվի, հանրահաշվի եւ այլն, շատ
ավելի թանկ են գնահատված, քան այն դասագրքերը, որոնք դուրս
են մղվել։ Օրինակ` հայոց լեզվի դասագրքերի պարագայում այդ
տարբերությունը շուրջ 25 միլիոն դրամ է, հանրահաշվի դասագրքերի
դեպքում` 40 միլիոն եւ այլն։ Հարց է առաջանում` մի՞թե սա
պատահականություն է, մեր երկիրը կտրուկ հարստացե՞լ է, այս
միլիոններն ո՞ւր են հոսելու։
Բովանդակային առումով մրցույթի ամփոփումը զավեշտալի
փաստեր է արձանագրում։ Այսպես. երկու մրցույթ անցած, տարիներ
շարունակ գործածության մեջ եղած դասագրքերը չեն հաղթահարել
մրցույթի բովանդակային շեմը։ Կամ այն հեղինակը, որը մի
խմբաքանակում բարձրագույն նիշեր է կարողացել ստանալ,
մյուսում անգամ շեմը չի հաղթահարել։ Մեր պարագայում, օրինակ,
դա ընդամենը 0.1 միավոր է (15-ի փոխարեն հավաքել ենք 14.9)։ Սա
առնվազն ծաղր է դասագրքերի հեղինակների նկատմամբ։
Հստակ տեսանելի է, որ մրցույթի կազմակերպիչները գործընթացն
իրականացրել են նախապես գծած ծրագրով` մերժել հաղթելու
ակնհայտ հավակնություններ ունեցողներին։
Եվ դա իրականացրել են դասագրքերը գնահատողների միջոցով։ Այս
հարցում նրանց համար գործիք են դարձել, դժբախտաբար,
հիմնականում ուսուցիչները։
Նախարարությունը պարտավոր է հանրությանը, շահագրգիռ
կողմերին պարզաբանել, թե ի՞նչ կարգի հիման վրա են ընտրվել այդ
ուսուցիչները, ի՞նչ մեխանիզմներ են գործել։ Ովքե՞ր են հայոց լեզվի
դասագրքերի ճակատագիրը որոշող այդ երեք ուսուցչուհիները,
երբեւէ լավագույն ուսուցի՞չ են ճանաչվել, ուսումնական որեւէ
ձեռնարկի հեղինա՞կ են, վաստակավոր ուսուցչի կոչո՞ւմ ունեն,
նորարա՞ր են, մանկավարժական ի՞նչ ձեռքբերումներ ունեն,
հանրությանը ծանոթ դեմքե՞ր են։ Ոչ, ցավոք՝ ոչ։ Որքան մեզ հայտնի
է, նրանց հավաքագրմամբ եւ հրահանգավորմամբ անմիջականորեն
զբաղվել է կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։ Ընտրվել
են կամակատարներ։
Հարկավոր է բացահայտել, թե ում պատվերն են կատարել եւ ինչու։
Մրցույթի կազմակերպիչները մինչեւ արդյունքների հրապարակումը
պարտավոր էին պարզել, թե ինչպես է լինում, որ հայոց լեզվի
մեթոդիստ դասախոսը կամ ակադեմիայի գիտաշխատողը գրեթե
առավելագույն միավոր է նշանակում այսինչ գրքին,
համալսարանական դասախոսը` նվազագույն։ Ուսուցիչները
գնահատելիս կրկնում են իրար` համաձայնեցված կարգով
հիմնականում ցածր միավորներ դնելով դուրս մղվող գրքերին։ Ո՞րն
է ճշմարիտ։ Շուրջ երկու ամսվա ընթացքում կարելի էր այլ
փորձագետների եւս դիմել։ Սակայն այդպես չի արվել։ Առհասարակ
ճիշտ կլինի, եթե մրցույթի ամփոփումից հետո դասագրքերը
գնահատողների կարծիքներն ու գնահատականները հասանելի
լինեն հասարակությանը։ Դա ավելի կզգոնացնի գնահատողներին
եւ որոշակիորեն կկաշկանդի մրցույթի կազմակերպիչներին`
կանխելով կամայականությունը։
Մեր փոքրիկ երկրում ամեն ինչ շուտ է իմացվում։ Մրցույթի
կազմակերպիչները պարզապես ստեղծել են վերահսկելի,
համապատասխան հրահանգները կուրորեն կատարող
հանձնաժողովներ (անշուշտ, մեկ-երկու բացառություններով), որոնք
կատարել են իրենց սեւ գործը հայ դպրոցի նկատմամբ։ Եվ
դասագրքերին խորությամբ ծանոթանալու մեծ հոգս էլ չեն քաշել։
Շահարկվում է, թե հայոց լեզվի դասագրքերի մրցույթում հաղթել են
իննսունմեկամյա հարգարժան պրոֆ. Հովհ. Բարսեղյանի
դասագրքերը, այնինչ դա շղարշ է։ Առայժմ փորձում են թաքցնել
մյուս հեղինակի` փոխնախարար Մ. Մկրտչյանի հովանավորյալ Փ.
Մեյթիխանյանի անունը (Հայաստանի դպրոցների
շրջանավարտները, հայոց լեզվի ուսուցիչները լավ են ճանաչում
պետական միասնական քննության տխրահռչակ թեստերի հեղինակ
այս կնոջը¤։ Գնահատականներն այս դեպքում ուռճացված են,
հաղթանակը` նախապես ապահովված) երկու շաբաթ շարունակ
մասնագիտական շրջանակներում արդեն խոսում էին այդ մասին¤։
Մի՞թե մայրենի լեզվի, մեր երկրի պետական լեզվի դպրոցական
դասագրքերի որոշման հարցում կարելի է նման տնավարություն
դրսեւորել։
Երբ սեպտեմբերին այդ դասագրքերը, Աստված մի արասցե, լույս
տեսնեն, արդեն ուշ կլինի։
Մայրենիի դասագրքերի հաղթանակի բերկրանքի փոխարեն այժմ
մեծագույն վիրավորանք եւ զայրույթ եմ ապրում, երբ վերլուծում եմ
մրցույթի արդյունքները, երբ հասկանում եմ, որ իրականում մրցույթ
չի եղել, այլ իրականացվել է նախապես որոշված արդյունքների
թվային համապատասխանեցում։ Դա այնքա՜ն տեսանելի է։ Եվ
միաժամանակ ամոթալի կատարողների համար, որոնք գործել են՝
իրենց անպատժելիության մեջ համոզված լինելով։ Մրցույթի
կազմակերպիչները գրեթե վստահ են, որ կլռեն եւ
հրատարակիչները, եւ հեղինակները, քանի որ դեռ նոր մրցույթներ
են լինելու, նախարարությանն առնչվող բազում հարցեր կան եւ
այլն։
Ես, սակայն, լռել չեմ կարող։ Խորապես վրդովված եմ թե իբրեւ
Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ թե իբրեւ
մասնագետ։ Մտահոգ եմ կրթական համակարգում հոռի
երեւույթների այսպես բացահայտ արմատավորման
կապակցությամբ։
Դասագրքերի սույն մրցույթն ամենաանարդարն էր դասագրքերի
մրցույթների պատմության մեջ։
Ակնկալում եմ, որ Ձեր գործուն եւ ազդեցիկ միջամտությամբ
կկասեցնեք աղաղակող այս գործընթացը` ստեղծված վիճակը
փրկելու եւ պետության հեղինակությունը բարձրացնելու
նպատակով։
Հարկավոր է շուտափույթ քննել մրցույթի անցկացման բոլոր
հանգամանքները` կազմակերպչական, բովանդակային կողմերից
սկսած մինչեւ ֆինանսական հարցերը։ Եվ անպայման
պատասխանատվության ենթարկել մեղավորներին` ի տես այլոց,
որովհետեւ պետության շահն ամեն ինչից վեր է։ Կարծում եմ ` գործ
ունենք պետականության հիմքերը խարխլող անթույլատրելի
երեւույթի հետ։
Հապաղել չի կարելի։ Կրկնում եմ` վաղը կարող է ուշ լինել,
չափազանց ուշ։
Դավիթ Գյուրջինյան

Vous aimerez peut-être aussi