Vous êtes sur la page 1sur 4

Լավ ու վատ դասագիրք չկա, կան

կապեր, կա հովանավորչություն
31/05/2011 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործնական առաջարկ
կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին եւ դասագրքերի
մրցույթին առնչվող մյուս անձանց
Կրթության եւ գիտության նախարարությունը դիմել է առաջադիմական մի
քայլի` համացանցում զետեղելով դասագրքերի մրցույթում հաղթած
դասագրքերը: Ժողովրդավար ենք, թափանցիկ ենք աշխատում . համեցեք,
խոսեք, լրացրեք, ուղղեք, բարելավեք, սեպտեմբերին ա՛յս ենք մատուցելու
ձեզ։ Հետո չդժգոհեք:
Վերջապես հնարավորություն ունենք ծանոթանալու հայոց լեզվի 7-րդ
դասարանի այն դասագրքին, որ «հաղթեց» այս անգամ:
Հեղինակները նշված չեն։ Մեզ այնքան էլ չի հետաքրքրում՝ հանգուցյալ
ակադ. Էդ. Աղայանի հեղինակային իրավունքները պաշտպանվա՞ծ են,
թե՞ ոչ (շուրջ տասնհինգ տարի դպրոցում չգործածվող նախկին
դասագրքերը հեղինակել էին Էդ. Աղայանն ու Հովհ. Բարսեղյանը)։ Կամ թե
իննսուն տարեկանը բոլորած պրոֆ. Հովհ. Բարսեղյանը հին դասագրքի
արտագրված մասերից բացի ի՞նչ մասնակցություն է ունեցել այս գործին
եւ կամ տեղյա՞կ է, թե ինչ է մատուցվում հայ դպրոցականներին նաեւ ի՛ր
անունով:
Բոլորին արդեն հայտնի է, որ հայ դպրոցի համար այս ճաշը եփել է
Երեւանի պետհամալսարանի հայոց լեզվի դասախոս, իր օրապակաս
թեստերով հանրությանը քաջածանոթ Փառանձեմ Մեյթիխանյանը:
Հաղթանակի հասնելու մեխանիզմները, հովանավորչությունը, մրցույթի
կազմակերպիչների եւ դասագրքերը գնահատողների հանցավոր
գործելակերպը մենք մանրամասն ներկայացրել ենք հանրությանը:
Հիմա մի քանի նկատառում անենք եւ մեկ գործնական առաջարկ
կրթության նախարարին եւ մրցույթի ընդհանուր հանձնաժողովի
անդամներին:
Ընթերցողներին չենք ձանձրացնի` մասնագիտական, մանկավարժական
եւ հոգեբանական հարյուրավոր սխալներն ու վրիպումները
ներկայացնելով: Այդպիսի նպատակ չունենք։ Հատկապես որ այս գրքի
գլխավոր հեղինակը համառորեն սովորել չի ուզում։ Անցյալ տարի բուհերի
ընդունելության քննությունների առիթով որքան ասացինք, չհասկացավ
(պարզվում է` չհասկացան նաեւ իր հովանավորները): Եթե սովորել
ուզենար, ապա, օրինակ, դասագրքի 11-րդ էջում, որ անցած դասարանի
նյութի կրկնությանն է նվիրված, չէր գրի. «Մենիմաստ բառերն ավելի շատ
են»:
Բացում ենք մայրենիի 6-րդ դասարանի դասագիրքը եւ կարդում , որ
մենիմաստ բառերն ավելի քիչ են, քան բազմիմաստ բառերը: Սա
դասագրքային հանրահայտ ճշմարտություն է, ինչպես որ 5+5=10:
Երկու երեւույթի հետ գործ ունենք` 1) մասնագիտական խիստ ցածր
մակարդակ եւ 2) անտեղյակություն դպրոցական դասագրքերից: Չենք
բացառում, որ ուղղակի հակադրվում է 6-րդ դասարանի դասագրքի
հեղինակ Դ. Գյուրջինյանին (եւ մյուսներին) եւ, ինչպես միշտ, խայտառակ
պարտություն կրում։ Հոգ չէ, թե աշակերտները մի տարի կսովորեն, որ
մենիմաստ բառերն ավելի քիչ են, հաջորդ տարի` ավելի շատ:
Հավանաբար չորս տարի հետո էլ այս եւ նման այլ
անհամապատասխանությունները վերացնելու նպատակով
Մեյթիխանյանին կշնորհվի նաեւ 5-6-րդ դասարանների դասագրքերը
գրելու պատիվը:
Եվ ամեն ինչ ճիշտ տեղը կընկնի. 5-12-րդ դասարանների հայոց լեզվի
դասագրքերի հեղինակները կլինեն մայր բուհից` Մեյթիխանյանից մինչեւ
Եզեկյան: Բա գիտության առաջատարներ են, կատակ բան հո չէ՞։ Կապ
չունի` այդ դասագրքերը լա՞վն են, թե՞ վատը։ Ինչպես կրթության ոլորտի
ղեկավարներից մեկն ասաց մեզ, վատ դասագրքի կողքին այնքա՜ն լավ
ձեռնարկներ, գրքեր կան, ոչինչ, ուսուցիչները դրա՛նք կգործածեն:
Պետական նշանակություն ունեցող կարեւորագույն գործի նկատմամբ
ինչպիսի՜ տնավարի մոտեցում:
Հազարավոր ուսուցիչներին եւ ծնողներին ասենք, որ իր տխրահամբավ
թեստերի նյութերը, դրանց երկվորյակներն արդեն հայտնվել են 7-րդ
դասարանի դասագրքում: Խնդրեմ, «Սովորի՛ր եւ հիշի՛ր» խորագրով
(արդիական դասագիրք է, է՜, ամեն ինչ հրամայականով է) տրված են
բառեր` ակաղձուն, ակնկոր, ասպնջական, ապիրատ, ստեպ եւ այլն (էջք 63,
13): Հրաշալի են ապահովված միջառարկայական կապերը. կրկին
«Սովորի՛ր եւ հիշի՛ր»-ով` այծատեր ազգիներ, գորտակնյունազգիներ,
կաթնախոտազգիներ եւ այլն (էջ 33)։ Սովորե՛ք, տգետ մի՛ մնացեք։ Հապա
դարձվածքնե՜րը` այծը ոչխարից չջոկել, սատանայի ձին նստել եւ այլն ¥էջ
15¤: Իսկապես որ այծը ոչխարից չջոկել. ինչպիսի՜ «դիպուկ» ընտրություն,
ինչպիսի՜ ճաշակ. իսկապես որ «խոսքը թագավորեցրել է» (էջ 15): 21-րդ
դարն է, լուսավորվե՛ք…
Վայելե՜ք այս գոհարները, քննության ժամանակ էլ ավելորդ չեք թպրտա:
Այսուհետեւ քննությունների գործը տնօրինող պաշտոնյաների համար
միանգամայն հեշտ կլինի հայտարարել, որ թեստագրության ռահվիրա այս
կինն ամեն ինչ արել է դասագրքերի հիման վրա: Խե՜ղճ հայ աշակերտ,
անճա՜ր հայ ծնող… Եվ անհամարձակ ու անտարբեր ուսուցիչներ,
հայերենագետներ, կրկնուսույցներ…
Ասպարեզ մտած այս «մասնագետը» չի պատկերացնում , որ սա դասագիրք
է 12 տարեկան երեխաների համար: Որ իմանար, արմատից ու արմատի
տարբերակներից երկար-բարակ չէր խոսի, համալսարանական ուսուցման
մեջ օգտագործվող տերմիններ չէր գործածի եւ այլն, եւ այլն։
Հոգեբանությունից եւ տարիքային մանկավարժությունից փոքր-ինչ
գաղափար ունենալու դեպքում հակամանկավարժական նման
մոտեցումներ չէր դրսեւորի «մեծն ուսուցանողը»։
Բայց մենք խոստացանք չսովորեցնել, չնայած նախարարությունն
ակնկալում է, որ հանրությունն իր առաջարկներով կբարելավի այս
ձախորդ դասագիրքը: Դա թողնում ենք ուրիշներին։
Անցնենք գործնական առաջարկին: ՀՀ կրթության նախարարին,
դասագրքերի մրցույթին առնչվող մյուս անձանց` փոխնախարարներ
Մանուկ Մկրտչյանին, Կարինե Հարությունյանին, Կրթության ազգային
ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանին, ԿԳՆ հանրակրթության
վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին եւ ԱԺ պատգամավոր
Անահիտ Բախշյանին, առաջարկում ենք մի քանի ժամ տրամադրել եւ
ծանոթանալ այս գրքին ¥միայն թե չասեք` մասնագետների դրած
գնահատականներով ենք առաջնորդվել. նրանց կարծիքները հայտնի են
հանրությանը¤:
Նախարարը եւ նշված մյուս անձինք, որ պատասխանատու են այս գործի
համար, գիրքը թող կարդան իբրեւ մտավորականներ, կրթության ոլորտին
առնչվող մարդիկ: Հնարավոր է, որ նրանք չտեսնեն մասնագիտական,
մանկավարժական, հոգեբանական եւ այլ կարգի անհամար բոլոր
սխալները, ձախողումները, թերությունները, վրիպումները,
անհամապատասխանությունները հայերենի պետական ծրագրին…
Միանգամայն հասկանալի է, որ մասնագիտությամբ բժիշկը,
մաթեմատիկոսը, ֆիզիկոսը պարտավոր չեն իմանալ կամ նկատել այդ
ամենը, բայց դասագրքի ընդհանուր գնահատական տալու կարողություն
պարտավոր են ունենալ։
Հայաստանի դպրոցական դասագրքերի ճակատագիրը վճռող այս մարդիկ
թող միայն պատասխանեն հետեւյալ հարցերին.
1. Հանրության վզին փաթաթվող այս գրվածքը դասագի՞րք է, թե՞ նյութերի
ժողովածու, օժանդակ ձեռնարկ կամ մեկ այլ բան:
2. Կուզենայի՞ն, որ այս գրքով սովորեին իրենց երեխաները կամ թոռները:
Եթե նրանք ասեն, որ սա 21-րդ դարի հայերենի արդիական դասագիրք է,
գրված է հենց 12 տարեկան երեխաների համար, լավն է մյուսներից, ապա
մենք հստակ կհասկանանք, թե ովքեր են տնօրինում մեր կրթական
դաշտը, ինչպիսի պատկերացում ունեն լավ դասագրքի մասին։
Այդ ժամանակ կսպասենք սեպտեմբերին ու կտեսնենք, թե ինչպես են
հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ ու ծնողներ տառապելու այդ
դասագրքով: Եվ տրտնջալու են, թե մեր երկրում ոչինչ փոխել հնարավոր չէ
(պիտի ասեն՝ «Երկրի նախագահին, վարչապետին եւ նախարարին
այսքան գրեցիք, ի՞նչ փոխվեց»), զզվելու եւ ավելի են օտարվելու
հայերենից, հայ գրքից եւ հայկական դպրոցից։ Իհարկե, մեղքը նաեւ
իրենցն է լինելու. ժամանակին թող չլռեին:
Իսկ Փառանձեմ Մեյթիխանյա՞նը… Նա Քաջ Նազարի նման կծիծաղի
աշխարհի եւ բախտի վրա:
Կծիծաղի անցյալ տարի իրենից դժգոհող հազարավոր շրջանավարտների
եւ դիմորդների վրա։ Կչարախնդա նաեւ գալիք դիմորդների վրա ու կշփի
ձեռքերը։
Բացահայտ կծիծաղի նաեւ իր գործընկերների վրա։ Այս հարցում նա ճիշտ
կլինի, որովհետեւ նրանք հանդուրժում են հայոց լեզվի եւ հայերենի
ուսուցման հերն անիծողի գոյությունը կրթության եւ գիտության մեջ
(գիտության դոկտորի աստիճանն էլ որ ձեռք գցի, ավելի վստահ կգործի):
Անշուշտ, կծիծաղի նաեւ մեզ վրա, թե` կերա՞ք, լավ ու վատ դասագիրք
չկա, կան կապեր, կա հովանավորչություն, կան գործերը դասավորելու ձեզ
անծանոթ եղանակներ ու միջոցներ։
Բայց առավելաբար կծիծաղի իր հաղթանակն ապահովողների վրա:
Ուշքի՛ եկեք, քանի ուշ չէ:
ՀԳ – Այս օրերին 7-րդ դասարանի մեր գրած դասագրքի մասին կարծիքներ
են հավաքում: Եվ զավեշտալի մի բան է տեղի ունեցել։ Ճիշտ հաշվարկ
չանելով` դասագիրքը տվել են վաստակաշատ մի ուսուցչուհու, բայց երբ
իմացել են, որ կարծիքը միանգամայն դրական է, հայտարարել են. «Հարցը
լուծված է, Ձեր կարծիքն այլեւս անհրաժեշտ չէ»։
Սրան ի՞նչ անուն տանք: Մենք գիտենք, թող հասարակությունը եւս
իմանա:
Դավիթ Գյուրջինյան, Նարինե Հեքեքյան

Vous aimerez peut-être aussi